Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեւոն Խեչոյանի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ հանձնարարություն է տվել ֆինանսների եւ առողջապահության նախարարներին:
Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նշեց, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին հանձնարարվել է լուծել խնդիրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է:
Այս առիթով Ծաղկաձորի Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է:
Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասել էր, որ այժմ նրա ընտանիքի, որդու հետ փորձում են լուծել նրան Հայաստան տեղափոխելու հարցը:
Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ առկա է քաղցկեղ, նա վիրահատվել էր, ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր:





























