Ամերիկյան դպրոցի աշակերտն ուսուցչին փնտրելիս կրակ է բացել կրթական հաստատության տարածքում եւ վիրավորել երկու այլ դպրոցականների։ Դրանից հետո նա ինքնասպան է եղել։
Դեպքը կատարվել է Կոլորադո նահանգի Սենթենիել քաղաքի միջնակարգ դպրոցում։ Աշակերտը մտադրվել էր սպանել ուսուցչին։
Որսորդական հրացանով զինված աշակերտը դպրոցի միջանցքներում եւ դասարաններում փնտրել է ուսուցչին, որին հաջողվել էր ժամանակին լքել շենքը։
Ուսուցչին չգտնելով՝ աշակերտը կրակ է բացել դպրոցականների ուղղությամբ։ Երկու դեռահասներ վիրավորվել են։ Նրանցից մեկը՝ 15-ամյա աղջնակը, ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, հայտնել է The Associated Press-ը։
Կրակողը սպանված հայտնաբերվել է դեպքի վայրում։ Ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել։ Դպրոցականի ինքնությունը հաստատվել է՝ 18-ամյա Կարլ Պիրսոն։
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ հանցագործության շարժառիթ կարող էր դառնալ ուսուցչի հետ տարաձայնությունը։





























