Ռուսաստանին ապշեցրել է արեւմտյան քաղաքական գործիչների արձագանքը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման աշխատանքները դադարեցնելու մասին Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ապշեցնում է Ուկրաինայի լեգիտիմ իշխանության ինքնիշխան որոշման կապակցությամբ հիստերիկ արձագանքը։ Ի՞նչ է արել Յանուկովիչի կառավարությունը։ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի՞ց է դուրս եկել։ Կամ հայտարարել է, թե միջուկային ռո՞ւմբ է ստեղծել։ Կամ ինչ-որ մեկին գնդակահարե՞լ է»,- հայտարարել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները միջազգային այս կամ այն պայմանագիր ստորագրելու կամ չստորագրելու լեգիտիմ իրավասություն ունեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսիա-24»-ը։
Ըստ նախարարի՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, կապված, մասնավորապես, բողոքի ցույցերի անցկացման հետ, «սարքովի է եւ վաղուց է նախապատրաստվել»։
«Կասկած չկա, որ դրա թիկունքում սադրիչներ են կանգնած», - ամփոփել է Լավրովը։




























