Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն համալսարաններում Հայկական հարցի վերաբերյալ աշխատություններ գրող ուսանողներին հաշվառելու փաստի հետ կապված գրավոր հարցադրում է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքական Haberx կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն իր գրավոր հարցադրման մեջ հարցրել է, թե Հայկական հարցի վերաբերյալ աշխատություն գրող ուսանողների անուններն ու անձնական տվյալները պահանջել է Թուրքական պատմագիտական ընկերությո՞ւնը, թե՞ Բարձրագույն ուսումնական խորհուրդը։

«1915-ի 100-րդ տարելիցին մոտենալուն պես, այդ հարցի վերաբերյալ աշխատություններ գրող ուսանողների վրա ճնշումներ գործադրվո՞ւմ են, որ նրանց աշխատությունները պետական տեսակետի հետ համընկնի։ Համալսարանները նման թեմաներով զբաղվող քանի՞ ուսանողի տվյալներ է փոխանցել Բարձրագույն ուսումնական խորհուրդ։

Այդ տվյալներն ի՞նչ նպատակով են պահանջվել։ Արդեն ստացված տվյալների հիման վրա քանի՞ ուսանողի հետ է կապ հաստատվել եւ ովքե՞ր են նրանց հետ շփվել։

Ճի՞շտ է, որ իրենց աշխատություններում 1915-ը որպես ցեղասպանություն ընդունող ուսանողները զրկվել են կրթաթոշակից եւ քանի՞ ուսանող է զրկվել կրթաթոշակից։ Ապահովե՞լ են արդյոք պատմաբանների համար 1915-ի վերաբերյալ ազատ աշխատանքներ իրականացնելու պայմանները»,-նշվել է հարցադրման մեջ։

Նշենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս»-ին փաստաթուղթ էր հասել, որտեղ նշվել էր, որ Հայկական հարցի շուրջ ուսումնասիրություններ անողների անունները, նրանց աշխատանքների վերնագրերն ու անձնական տվյալները  պահանջվել են Թուրքական պատմագիտական ընկերության կողմից։

«Ակոս»-ի հետ զրույցում Թուրքական պատմագիտական ընկերության պատասխանատուներից մեկը նաեւ ավելացրել էր, որ իրենց աշխատություններում 1915-ը որպես Ցեղասպանություն ընդունող ուսանողները կամ ասպիրանտները կրթաթոշակ չեն կարող ստանալ, քանի որ Թուրքիան պաշտոնապես չի ընդունում Հայոց ցեղասպանությունը։

Այս ամենը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, որից հետո Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուն հաստատել էր թե տվյալները հավաքել են ընդամենը այդ աշխատանքները 2015-ին հրատարակվելիք հայ-թուրքական հարաբերություններին նվիրված հատորներում ընդգրկելու համար, իսկ Ցեղասպանությունը ընդունող ուսանողներին կրթաթոշակ չտալու պնդումն անհիմն էր անվանել։