Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան ժամանել էր ոչ թե ինչ-որ բան ասելու, այլ շոուի համար։ Այս մասին դեկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ հստակեցնելով, որ այդ մասին վկայում է միայն թուրք լրագրողների համար մամուլի ասուլիս անցկացնելու փաստը։
«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որքան էլ անսպասելի էր, եկավ Հայաստան, անցկացրեց իր շոուն եւ հեռացավ։ Կարելի է ասել, որ շոուն հաջողվեց, մամուլը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների աննախադեպ բարելավման մասին։ Դավութօղլուն «Ղարաբաղ խոսքը չարտաբերեց, սակայն խոսեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին», - նշեց Արտակ Շաքարյանը։
Ըստ նրա` հատկանշական էր, որ դեռ օդանավում նա հարցազրույց էր տվել, այնտեղ բացի թուրք լրագրողներից կային նաեւ երկու հայ լրագրողներ եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչ, որը խոսում էր այն մասին, թե թուրքական կողմն աշխատում է նաեւ հայկական սփյուռքի հետ: «Դավութօղլուն արտաբերել է « մեծ ողբերգություն, արտաքսում» բառերը, սակայն` ոչ Ցեղասպանություն: Այդ մարտավարությունը նոր չէ, այն օգտագործել է նաեւ ԱՄՆ-ի նախագահը: Թուրքերը փորձում են Ցեղասպանությունը բառը փոխարինել բոլոր հնարավոր այլ եզրերով», - ընդգծել է Արտակ Շաքարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Հայաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրք նախարարը մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























