Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր այցով հասավ նրան, ինչ ցանկանում էր: Այդ մասին դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագտ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով՝ եւս մեկ անգամ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանները: «Դավութօղլուն հստակ ցույց տվեց՝ Անկարան 2009թ.-ի հայ-թուրքական հաշտեցման գործընթացից դասեր է քաղել եւ հայ-թուրքական հարաբերություններում նախօրոք քննարկում են Ադրբեջանի հետ իրենց քայլերը»,- ընդգծել է Արտակ Շաքարյանը:

«Թուրքական դիվանագիտությունը միտված չէ վերջնական արդյունքի, Երեւան այցը մեծ շղթայի միայն փոքր օղակ էր»,- հայտարարել է թուրքագետը:

Անդրադառնալով հայկական կողմի քայլերին՝ Արտակ Շաքարյանն արձանագրել է. «Մենք բոլորովին էլ չէինք պատրաստվում բացել հայ-թուրքական սահմանը, հայ-թուրքական արձանագրությունների կնքումից 4 տարի անց ոչինչ չի փոխվել»: Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ արտգործնախարարների հանդիպումը անցկացնել բաց պայմաններում՝ լրատվամիջոցների ներայացուցիչների մասնակցությամբ: Բացի այդ, Հայաստանի արտգործնախարարը կամ ԱԳՆ մամուլի քարտուղարը նույնպես պետքէ գոնե մամուլի ասուլիս հրավիրեին հայկական ԶԼՄ-ների համար եւ իրենց ուղերձը հղեին: «Մեր քաղաքականության մեջ մենք հիմնականում նախաձեռնող չենք հանդիսանում, մենք պետք է մեր սեփական սցենարն ունենանք՝ ինչպես արձագանքել այս կամ այն քայլին: Ցավոք, մենք առայժ արձագանքում ու սպասում ենք»,- նշել է Արտակ Շաքարյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախախար Ահմեդ Դավութօղլուն: