Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը, կնոջ՝ տիկին Նորայի հետ բնակվում էր Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում։ 2013թ. հոկտեմբերի 10-ին Yerkir.am-ը հրապարակել էր հարցազրույց Ազատ եւ Նորա Սարգսյանների հետ, որոնց համար 2013-ը հոբելյանական էր. լրացել էր նրանց ամուսնության 60 տարին։ Հարցազրույցում տիկին Նորան պատմել էր, որ մինչեւ այդ Ազատ պապը Երեւանի հիվանդանոցներից մեկում պառկած է եղել.

«Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում»,- ասել էր տիկին Նորան։

Թղթակիցը նկատել էր, որ Ազատ պապն այլեւս ամեն օր տնից դուրս չի գալիս` նարդի խաղալու. առողջությունն արդեն այն չէ:

Հարցին՝ ինչու չեն տեղափոխվում Երեւան, տիկին Նորան պատասխանել էր. «Ես օզում չըմ Երեւան ապրիմ: Ես ստեղի ծնունդ ըմ, օրիշ տեղ կարել չըմ ապրիմ... Ես վեր ստեղ չապրիմ, իմ խոխոց կապը Արցախի հետ կտրվելու ա: Ես ստեղ կապրիմ, իրանք էլ կկյան, կքինան»:

Թղթակցի այն դիտարկմանը, թե ինչու նախագահի ծնողները թիկնապահներ չունեն, տունն էլ չի հսկվում, տիկին Նորան պատասխանել էր. «Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 16-ին 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը: