Սան Մարինոյում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանը հանդիպեց Սան Մարինոյի Հանրապետության ռեգենտներ Ն.Գ. Ջան Կարլո Կապիչիոնիին եւ Ն.Գ. Աննամարիա Մուչիոլիին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպան Ղազարյանին, Սան Մարինոյի ռեգենտներն իրենց գոհունակությունն արտահայտեցին առաջին անգամ Սան Մարինոյում Հայաստանի դեսպանի նշանակման փաստի առնչությամբ եւ համոզմունք արտահայտեցին, որ այդ հանգամանքը մեծապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը, եւ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա` Հայաստանի եւ Սան Մարինոյի միջեւ բոլոր բնագավառներում կապերի ամրապնդման գործում:
Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ռեգենտներին ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանը կարեւորում է Սան Մարինոյի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, եւ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի` երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Երկուստեք ընդգծվեց երկու երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով երկկողմ փոխայցելությունների կարեւորությունը:
Անդրադարձ կատարվեց երկու երկրների բազմադարյա պատմությանը, որի համատեքստում, խորհրդանշական համարվեց այն փաստը, որ 301 թվականը` Սան Մարինոյի հիմնադրման եւ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման տարին էր:





























