Իսրայելի բանակի զինվորները դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը նպատակային կրակ են բացել համատեղ սահմանին մոտ գտնվող լիբանանցի երկու զինծառայողների ուղղությամբ: Այնտեղ ավելի վաղ, ըստ իսրայելյան բանակի, լիբանանցի դիպուկահարի գնդակից ՑԱԽԱԼ-ի զինվոր էր զոհվել: Այս մասին տեղեկացնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: Ծառայության աշխատակցի խոսքով՝ այս պահին Թել-Ավիվը լիբանանցիների վիճակի մասին տեղեկություն չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպի կապակցությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում ցավակցություն էր հայտնել կատարվածի հետեւանքով զոհված 31-ամյա զինվոր Շլոմի Կոենի ընտանիքին եւ ընդգծել, որ Լիբանանի տարածքում կատարվածի պատասխանատվությունը կրում են Լիբանանի բանակն ու կառավարությունը:
«Ամենից առաջ մենք Լիբանանի բանակից կպահանջենք պարզաբանել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, արդյոք խոսքն իսկապես խռովարար զինվորի մասի՞ն է, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել նրա դեմ, եւ ի՞նչ է մտադիր անել լիբանանյան բանակը` ապագայում նման դեպքերը կանխելու համար», – հայտարարել է Յաալոնը:
«Մենք չենք հանդուրժի պետական ինքիշխանության խախտում ցանկացած սահմանին եւ առավել եւս` իսրայելա-լիբանանյան», – հավելել է պաշտպանության նախարարը, հաղորդում են իսրայելյան լրատվամիջոցները:
Լիբանանի եւ Իսրայելի միջեւ տվյալ միջադեպը դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի` գլխավոր քարտուղարը կողմերին հանգստություն պահպանելու կոչ է արել:
«Բան Կի-Մունը Լիբանանի զինված ուժերին հիշեցնում է 1701 բանաձեւով նախատեսված իրենց պատասխանատվության մասին եւ վճռականորեն երկու կողմերին էլ զսպվածության կոչ անում», նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ «Ալ Մանար» հեռուստաալիքի հաղորդման, Էն-Նակուրայի շրջանում միջպետական սահմանը խախտած իսրայելական հերթապահ մասի ուղղությամբ կրակ էին բացել Լիբանանի բանակի կողմից: Սակայն Իսրայելը պնդում է, որ իսրայելցի զինվորները չէին անցել սահմանագիծը, այլ «շարժվել են սահմանի երկայնքով»:





























