Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը  երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել է ճնշման տակ, դեկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը:

Ըստ նրա` դեկտեմբերի 14-ին հանձնաժողովի կայացած նիստի ժամանակ   պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԿԽՄԿ-ի Երեւանի պատվիրակության ներկայացուցիչներին վստահեցրել էր, որ հայկական կողմը կանի ամեն ինչ, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը հայրենիք վերադառնա:

Ի պատասխան այն հարցին, թե կան արդյոք նորություններ ադրբեջանական գերության մեջ գտնվող  90 հայերի վերաբերյալ, Ռիմա Առաքելյանը հայտարարել է, որ եթե ադրբեջանական կողմը ցանկանա, ապա նորություններ կարող են լինել: «Այժմ ճշտվում է այդ 90 անձանց ճակատագիրը», - նշել է Ռիմա Առաքելյանը:

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել էր օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակների հանդիպումը ռազմագերու  հետ: Առաջին անգամ նրան կարողացել էին այցելել 12 օր անց: