Դատելով Անշարժ գույքի պետական կադաստրի տեղեկություններից՝ ընթացիկ տարում Հայաստանում բնակարանների շուկան կարծես հաղթահարում է վերջին տարիների բացասական հետեւանքները եւ դուրս է գալիս տեւական ճգնաժամից:
Ընդ որում այդ առաջընթացը նկատվում է երկրում աշխատավարձերի համեմատ գնաճի տեմպերի, աղքատության մակարդակի բարձրացման, կոմերցիոն բանկերում բնակչության ավանդների կտրուկ աճի ֆոնի վրա…
Վերջին գործոնը վկայում է մեր հասարակության որոշակի շերտի ֆինանսական միջոցների զգալի խնայողությունների, քան ծախսերի մասին (այդ թվում նաեւ բնակարանների վրա):
Անկասկած, միջնորդական գրասենյակները տեղյակ են շուկայում տեղի ունեցող ցանկացած փոփոխության: Իհարկե, յուրաքանչյուրն իր գործունեության սահմաններում: Սակայն եթե համադրենք խճանկարային այս դրվագները, կստանանք բնակարանների շուկայի ընդհանուր պատկերը: Միջնորդական գրասենյակների մասնագետների կարծիքներում ընդհանուրը հետեւյալն է. բնակարանային շուկան լճացման վիճակում է, առաջարկը գերազանցում է պահանջարկին, շուկայական գները չեն աճում, այլ անկում են ապրում:
Օրինակ, «My Corp» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Հակոբյանը պնդում է, որ բնակարանային շուկայում անկում է նկատվում, որը կապված է արտագաղթի, հարկային բեռի ծանրացման, ինչպես նաեւ գնաճի հետ: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում միջնորդական գրասենյակների օգնությամբ կայացած գործարքների թիվը 70 տոկոսով կրճատվել է: Բացի այդ Երեւանում արմատական տեղաշարժեր են տեղի ունեցել գնողունակ պահանջարկում. Եթե նախկինում գնորդները հնարավորություն ունեին բարձր գնով բնակարան գնել էլիտար կենտրոնում, ապա այժմ տեղափոխվել են ավելի «էժան» ծայրամասեր:
Մասնագետի կողմից նշվածը կարող է համալրվել ընթացիկ տեղեկատվությամբ: Նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքի կենտրոնում բնակարանների շուկայական գնի դինամիկան անկում է ապրում: Հետեւաբար, կենտրոնի եւ արվարձանների միջեւ բնակարանների գնի տարբերությունները հետեւողականորեն նվազել են: Բացի այդ, բնակարանների նոմինալ գնի վրա իր ազդեցությունն է ունեցել Հայաստանում ամերիկյան դոլարի հետեւողական ամրապնդումը: Գաղտնիք չէ, որ անշարժ գույքի առքուվաճառքի շատ գործարքներ իրականացվում են հենց այս արժույթով, իսկ փաստաթղթերում նշվում է դրան համարժեք ՀՀ դրամը:
Ինչ վերաբերում է միջին շուկայական գների վերաբերյալ պաշտոնական տվյալներին, ապա այստեղ պետք է հաշվի առնել Անշարժ գույքի պետական կադաստրի կողմից դրանց հաշվարկման մեթոդաբանության առանձահատկությունները: Մասնավորապես, օրինական հիմունքներով առք ու վաճառքի գործարքի փաստացի գների հետ մեկտեղ կարելի է օգտագործել հետ առաջարկի պաշտոնական գները: Սակայն մշտապես արհեստականորեն բարձրացնել բնակարաններ գները հնարավոր չէ, կա որոշակի սահման: Հետեւաբար վերջին ամիսներին պաշտոնական վիճակագրության գների տեղաշարժում տարօրինակ լճացում է նկատվում: Գները կամ մնում են նույն մակարդակի վրա(ինչն իրականում բավականին հազվադեպ է պատահում), կամ զուտ խորհրդանշական աճ է գրանցվում:
Ալբերտ Խաչատրյան





























