Թուրքիայի Շրնաքի նախկին նահանգապետ Մուսթաֆա Մալայը 21 տարի անց խոստովանել է, որ 1992-ին թուրք զինվորականները Շրնաքում աջ ու ձախ կոտորում էին քուրդ բնակչությանը՝ չնայելով սեռ ու տարիք:
Թուրքական T24 կայքի լրագրող Հասան Ջեմալի հետ հարցազրույցի ժամանակ Շրնաքի նախկին նահանգապետ Մուսթաֆա Մալայը սկանդալային խոստովանություն է արել՝ 1992-1994 թվականներին Շրնաքում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրելով զինվորականներին:
Նախկին նահանգապետը նշել է, թե 1992 թվականի օգոստոսին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ զինվորականները Շրնաքում առանց նայելու թե տներում ովքեր են, կրակ էին բացում՝ սպանելով թե ծերերին, թե երեխաներին:
Ես մեղավոր եմ համարում զինվորականներին: Շատ էի խոսում այդ թեմայով եւ միմյանց հետ տարաձայնություններ ունեցանք: Ես նրանց ասում էի թե ինչու եք քաղաքացիական անձանց սպանում, գնացեք ահաբեկիչներին (PKK-ի զինյալներին-խմբ) սպանեք: Ցավոք, ինձ չէին լսում, զինվորականությունը շատ սխալներ արեց,-նշել է նախկին նահանգապետը՝ շեշտելով, որ այդ կոտորածների գլխավոր կազմակերպիչը եղել է Շրնաքի բրիգադի հրամանատար, գեներալ Մեթե Սայարը:
Նախկին նահանգապետը ավելացրել է, որ այդ իրադարձություններից 2 տարի անց՝ 1994-ին կրկին Շրնաքում զինվորականների օդային ռմբակոծության հետեւանքով մահացավ 38 քաղաքացիական անձ, որոնցից ոչ մեկի համար գործ չի հարուցվել եւ պետությունը մինչեւ հիմա հերքում է կոտորածների փաստը:




























