ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքույրը՝ Կիմ Գեն Հին, չի մասնակցել նրա հոր եւ իր ավագ եղբոր մահվան տարելիցի հանդիսավոր արարողությանը: Նախորդ տարվա պես ներկա չի եղել նաեւ  Կիմ Չեն Ընի  կինը՝ Լի Սոլ Չժուն, հայտնում է «Ռենհապը»՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցները:

Կիմ Գեն Հիի ամուսինը՝Չան Սոն Թհեկը, նախորդ շաբաթ մահապատժի էր ենթարկվել:

Արարողությունը կայացել է Փհենյանի մարզադաշտում: ԿԺԴՀ-ի միակ հեռուստաալիքի ռեպորտաժում երեւում է, որ առաջնորդի կողքին Գերագույն ժողովրդական ժողովի պրեզիդիումի նախագահ Կիմ Են Նամն է, Քաղբյուրոյի ղեկավար Չո Ռեն Հեն, բանակի գլխավոր շտաբի պետ Լի Են Գիլը, Ժողովրդական զինված ուժերի նախարար Չան Չոն Նամը եւ ուրիշներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, Կիմ Գեն Հին ամուսնու՝ Չան Սոն Թհեկի մահապատժից հետո պահպանել է բարձր պաշտոնը եւ շարունակում է հանրային գործունեությունը:

Կիմ Չեն Ընի հորաքույրն ամուսնու մահապատժից հետո պահպանել է իր բարձր կարգավիճակը

Հիշեցնենք, Հյուսիսային Կորեայի գորշ կարդինալ համարվող  67-ամյա Չան Սոն Թհեկը պետական դավաճանության մեջ մեղավոր էր ճանաչվել եւ դեկտեմբերի 13-ին մահվան դատապարտվել: