Ապրիլի 9-ը եւ 10-ը Ղրղզստանում սգո օրեր են հայտարարված՝ ի հիշատակ անկարգությունների արդյունքում զոհվածների։ Այս մասին հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան, հայտնում է «ԱԿԻպրեսս» գործակալությունը։

Ղրղզստանում, ինչպես Օթունբաեւան է հայտարարել, կիջեցվեն դրոշները, ամբողջ երկրում սգո արարողություններ կանցկացվեն։ Նա նաեւ հստակեցրել է, որ զոհվածների եւ վիրավորների ընտանիքները փոխհատուցում կստանան։ Յուրաքանչյուր ընտանիք, Օթունբաեւայի խոսքով, որպես փոխհատուցում կստանա 1 մլն սոմ։

Հիշեցնենք, որ անկարգություններն անցած երեքշաբթի սկսվել էին Տալաս քաղաքում եւ հաջորդ օրերին տարածվել այլ շրջաններում, այդ թվում եւ մայրաքաղաք Բիշքեկում։

Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով, ապրիլի 7-ի անկարգությունների արդյունքում զոհվել է 75, տուժել՝ ավելի քան հազար մարդ։