Լեռնային Ղարաբաղի անկախությունն անգամ քննարկման առարկա չէ, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների առաջարկներում նման անկախություն տալու մեխանիզմ չկա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ դասախոսությամբ հանդես գալով Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում:
«Շատ դեպքերում հայերը հղում են անում ինքնորոշման իրավունքի վրա: Իհարկե դա միջազգային իրավունքների կարեւոր սկզբունք է: Սակայն հայերն արդեն ինքնորոշվել են, ունեն անկախ հայկական պետություն: Եթե հետեւենք այդ տրամաբանությանը, ստացվում է, որ հայերը կարող են ինքնորոշվել ցանկացած տեղում, որտեղ ապրում են: Այդ դեպքում որքան հայկական պետություններ կառաջանան»,- հայտարարել է Ալիեւը:
Նրա խոսքով, Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրա հետ. «Որքան շուտ հայկական կողմը հասկանա դա, այնքան ավելի լավ կլինի ե՛ւ մեր, ե՛ւ նրանց համար: Այդ կերպ, հարցը շուտափույթ լուծում կստանա: Իսկ հետո Կովկասում խաղաղություն կհաստատվի»:
«Նրանք, ովքեր ներկայումս ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանցիները, որ միանշանակ կվերադառնան այնտեղ, պետք է ապրեն անվտանգության երաշխիքներով ինքնիշխան ադրբեջանական պետության սահմաններում, ինքնավարության այն լայն կարգավիճակով, որ այսօր կա աշխարհում: Այդ դիրքորոշումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Այդ դիրքորոշումը արտացոլում է նաեւ միջնորդների գործունեությունը եւ, ըստ էության, նրանց ներկայացրած առաջարկները»,- նկատել է Ադրբեջանի նախագահը:
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում գործնական քայլեր կարվեն միջնորդների գործունեության մեջ: «Մասնավորապես՝ այժմ հերթը Հայաստանինն է, ընդունո՞ւմ են նրանք վերջին առաջարկները, թե՞ ոչ: Եթե նրանք չեն ընդունում առաջարկները, այն ժամանակ բանակցությունների գործընթացը պետք է վերանայվի եւ նոր փուլ սկսվի»:




























