ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից։
Հանձնաժողովը որոշումը կայացրել է` հիմք ընդունելով «Ամերիաբանկի», դրա սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի և «Կասկադ բանկի» կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը: «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը Կիպրոսի Հանրապետությունից է, դիմելով Հանձնաժողով՝ հայտնել է, որ «Կասկադ բանկի» բաժնետոմսերը ձեռք են բերվելու «Ամերիաբանկի» ավելի քան 99,99 %-ի բաժնետեր հանդիսացող «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից (վերջին երկուսը ներկայացնում է անձանց խումբ): Դիմումներով Հանձնաժողով է ներկայացվել համակենտրոնացման հայտարարագիրը: Վերոնշյալ գործարքով նախատեսվում է անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չեն անձանց խմբի և «Կասկադ բանկի» համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկ» -"Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ" անձանց խմբի և «Կասկադ բանկ» ընկերության համակենտրոնացումը` անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերման միջոցով:




























