Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում արդյունավետ է եղել, եւ եթե այդ քաղաքականությունը չվարվեր, վիճակն ավելի վատ կլիներ: Այսօր` ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիլյերմո Տոլոնսան:

Նրա խոսքով, 2009-ին ԱՄՀ-ի ջանքերի շնորհիվ բյուջեում ծախսերի կրճատումներ չեղան եւ հնարավոր եղավ խուսափել սոցիալական լարվածության մեծացումից:

«Ես չեմ ասում, որ մարդիկ չեն տուժում եւ նույնիսկ աղքատության մակարդակն է բարձրացել, բայց Հայաստանում վիճակն ավելի թեթեւ է, քան նմանատիպ այլ երկրներում»,- ասաց նա:

Սակայն հարցին, թե ինչպես է վերաբերում երեկ ՀՀ վաչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ խոշոր ձեռնարկությունների վերահսկողությունը թույլ է, եւ հիմնական բեռն ընկել է փոքր ու միջին ձեռնարկությունների վրա, ԱՄՀ հայաստանյան կառույցի ղեկավարն ասաց. «Հարկային վարչարարությունը միշտ եղել է մեր կարեւորագույն խնդիրը: Հայաստանում գոյություն ունի ենթաիրականություն եւ հարկերի հավաքագրումը Հայաստանում ավելի ցածր է` անգամ աֆրիկյան որոշ երկրներից: Ցավոք, մեր ջանքերն այդ ուղղությամբ չեն տվել այն արդյունքը, որը սպասում էինք:

Մենք կիսում ենք մտահոգությունը հարկերի հավաքագրման ցածր մակարդակի առումով եւ գտնում ենք, որ այդ գործում ավելի մեծ մասնակցություն պետք է ունենա Պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների վարչությունը»,- իր խոսքն ամփոփեց Գիլյերմո Տոլոնսան: