Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի Փարիզ եւ Ստրասբուրգ քաղաքներ: Այցը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի եւ Փաստաբանների Միջազգային Միություն հայաստանյան ներկայացուցչության միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում:
ՓՊ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները այցելել են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ), որտեղ նրանց ընդունել է Հայաստանից Եվրադատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը: Վերջինս ներկայացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ ներկայացված դիմումների եւ կայացված վճիռների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ անդրադարձել է ՀՀ դատարաններում առկա խնդիրներին:
Այցի մասնակիցները այցելել են նաեւ Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդի Գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպել են ԵԽ Հայաստանի ներկայացուցչի հետ: Մասնակիցները ծանոթացել են ԵԽ-ի աշխատանքային օրակարգին:
Մասնակիցները Ֆրանսիայի խորհրդարանում ինտերակտիվ սեմինարի միջոցով ծանոթացել են օրենդիր մարմնի աշխատանքններին:
Հայ փաստաբանները այցելել են նաեւ Ֆրանսիայի Արդարադատության Պալատի՝ աշխարհի հնագույն իրավաբանական գրականության թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին: Հայ փաստաբանների պատվիրակությունը եղել է նաեւ դատական նիստերի միջնադարյան դահլիճներում, որտեղ տեղի են ունեցել պատմական նշանավոր դատավարություններ, ինչպիսին է հանրայատ Սառա Բեռնարի դատավարությունը:
Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաեւ Եվրոպական Արբիտրաժային Պալատի համանախագահ Ավիգդոր Գռեյսը, ով վարել է «Վեճերի այլընտրանքային լուծումը Եվրոպայում» թեմայով սեմինար:
Այցի մասնակիցներին իր փաստաբանական գրասենյակում ընդունել է Փարիզում գործող հայ փաստաբան Դավիթ Հարությունյանը եւ Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչ Ռայմոն Եզեգելյանը:
Վերջում հավելենք, որ ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի եւ Փաստաբանների Միջազգային Միություն հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրոպական երկրների նմանօրինակ այցերի կազմակերպումը շարունակական են լինելու:
Պատվիրակության կազմում են եղել ՀՀ փաստաբանական պալատի անդամներ` Ազատ Շահբազյանը, Հասմիկ Անդրեասյանը, Իրինա Խառատյանը, Սյուզաննա Գեւորգյանը, Մերի Բաղդասարյանը, Կրոմվել Գրիգորյանը, Ծովինար Գրիգորյանը, Նիկոլայ Հակոբյանը, Արմենուհի Զանջուղազյանը եւ Մարտուն Փանոսյանը: Պատվիրակությունը գլխավորում էր Փաստաբանների Միջազգային Միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդան Խեչյանը:





























