Ս.թ. ապրիլի 7-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հանդիպել է Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Անանդ Շարմայի հետ, NEWS.am-ին տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից։

Դեսպան Հակոբյանն ընդգծել է հայ-հնդկական հարաբերություններին բնորոշ ջերմ եւ բարեկամական բնույթը, երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների եւ ավանդույթների առկայությունը ու երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նա նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Դեսպանը փաստել է, որ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ոլորտում առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին, մասնավորապես՝ քննարկելով երկկողմ առեւտրային ռեժիմի ազատականացման, գործարար շրջանակների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, փոխադարձ ներդրումների խրախուսման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հետ կապված հարցեր: