Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նշվել է բուհի ուսանողական խորհրդի կայզմավորման 20-ամյա հոբելյանը։ Ներկա էին ուսանողական ինքնակառավարման մամնի տարբեր տարիների նախագահները։

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հիշել է այն տարիները, երբ ստեղծվեց ուսանողական խորհուրդը։ «Բուհերում անհրաժեշտ էր մի կառույց, որը կղեկավարեր ու կուղղորդեր ուսանող երիտասարդության կյանքը։ Այս կարեւոր գործում համախոհ երիտասարդների մի խումբ Մանվել Բադալյանի ղեկավարությամբ կյանք տվեց այս կառույցին, որն աստիճանաբար մտավ ուսանողական կենցաղ եւ այսօր դարձել է բուհի կառավարման կարեւորգույն օղակներից մեկը։ Այսօր ուսանողական խորհուրդը լուծում է կրթական, գիտական, սոցիալական, մշակութային սպորտային խնդիրներ», - նշեց ռեկտորը՝ իր երախտագիտության խոսքերն ուղղելով ուսանողական խորհրդի ակունքներում կանգնած անձանց։

Ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված ցերեկույթին ներկա է եղել նաեւ կառույցի առաջին նախագահ Մանվել Բադալյանը, ով կարեւորել է ուսանողական կառույցների գործունեությունը ուսումնական հաստատություններում եւ կոչ արել երիտասարդներին ակտիվ դրսեւորում ունենալ հասարակական կյանքում:

Օրվա առթիվ կային նաեւ պարգեւատրումներ։ Մասնավորապես ուսանողական խորհրդի հոբելյանի առթիվ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երիտասարդական ակտիվ գործունեության, ուսխորհրդի ձեւավորման գործում ունեցած մեծ ներդրման համար պարգեւատրվել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալով։ Ուսանողական խորհրդի տարբեր տարիների նախագահներն արժանացան ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի։