Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն արձագանքել է թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե իբր ինքը դեսպաններին ասել է, թե նրանք մի կայսրության փլուզման ականատեսն են լինում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հերքել է Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած 3 պարբերականներում տեղ գտած իր մասին տեղեկությունը։ Նա հայտարարել է թե նման հանդիպում դեսպանների հետ չի եղել եւ նման բան ինքը չի ասել ոչ մեկին։
«ԱՄՆ-ը Թուրքիայում տեղի ունեցող կաշառակերության գործով իրադարձությունների հետ որեւէ կապ չունի։ ԱՄՆ համար Թուրքիայի հետ բարեկամությունը եւ համագործակցությանը շատ կարեւոր է։ Ոչ ոք չպետք է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վտանգի ենթարկեն»,-հայտարարել է Ֆրենսիս Ռիկարդոնեն։
Թուրքական Bugün, Yeni Şafak եւ Akşam պարբերականների դեկտեմբերի 21-ի գլխավոր էջի հրապարակումներն ուղղված են եղել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի դեմ։ Հիշյալ պարբերականների գլխավոր հրապարակումներում նշվել է, թե «մեծ կաշառք» գործողության առաջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հանդիպել է Թուրքիայում օտարերկրյա դեսպանների հետ։
Նշվել է, թե դեսպանների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետն ասել է. «Մենք պահանջեցինք, որ «Հալք» բանկը խզի կապերը Իրանի հետ, բայց չլսեցին (Ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին մեղադրվում է «Հալք» բանկի միջոցով Իրանի հետ միլիարդավոր դոլարների անօրինական գործարքներ իրականացնելու մեջ-խմբ)։ Հիմա դուք մի կայսրության փլուզման ականատեսն եք լինում»,-ըստ թուրքական Yeni Şafak-ի, ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն։





























