Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ իր երկիրը գտնվում է Ռուսաստանի հետ մրցակցության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, հայտնել է Սահակաշվիլիի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

«Նախագահը կարծում է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բարեփոխումների առումով գտնվում է մրցակցության մեջ: Վրաստանի զարգացման համար այդ բարեփոխումները հիմնական են: Եւ Վրաստանը կապացուցի, որ չնայած Ռուսաստանի կողմից տնտեսական էմբարգոյին, հաջողակ երկիր կլինի»,- նկատել է Մանջգալաձեն:

Մեկնաբանելով Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի խոսքերը, թե Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ «պատերազմը դեռ չի ավարտվել», նա նկատել է, թե Սահակաշվիլիի կարծիքով, Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմական դրության մեջ չէ: «Ռուսաստանը շանսեր չունի վերսկսել պատերազմը: Ինչ վերաբերում է Մերաբիշվիլիի կարծիքին, նախագահը կարծում է, որ ՆԳ նախարարը քաղաքական դեմք է ու կարող է ունենալ սեփական քաղաքական հայացքները»,- հավելել է Մանջգալաձեն: