Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական հոգեւոր խորհուրդը գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կազմակերպել է շախմատի միաժամանակյա խաղ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հետ:

Խաղը անցկացվել է Քրիստոսի անդրանիկ հավատացյալ թագավոր Ս. Աբգար նախավկայի տոնի առթիվ: 

Մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի համայնքների միություների 15 երիտասարդներ:

Մասնակիցներին իր խոսքն է ասել Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նա կարեւորել է երիտասարդների այս նախաձեռնությունը, քանի որ շախմատը մարզում ու կոփում է մարդու միտքը: «Գնահատելի է, որ դուք ոչ միայն սոցիալական ծրագրեր եք նախաձեռնում, մանկատներ ու ծերանոցներ եք այցելում, ուխտագնացություններ կազմակերպում, մասնակցում եք մեր Եկեղեցու կյանքին, հսկման ժամերգություններին, այլ նաեւ իմացական բնույթի խաղերով եք հետաքրքրվում»: 

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մանրանկարչությամբ ծաղկված խաչ է նվիրել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանին` միաժամանակյա խաղն անցկացնելու համար: Խաղին աջակցելու համար նմանատիպ մի գեղեցիկ խաչ պատրաստվել էր Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի համար, որը հարգելի պատճառով խաղին մասնակցել չէր կարողացել: Գաբրիել Սարգսյանը խոստացել է այն անձամբ հանձնել նրան:

Սմբատ Լպուտյանի անունից Գաբրիել Սարգսյանը պատվոգիր է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդական կառույցների համակարգող եւ «Արարատ» միության հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանին: Մի շնորհակալագիր էլ հանձնել է ամենակրտսեր խաղացողին` Արգիշտի Թոմոյանին, ում խաղը հատկապես դուր էր եկել գրոսմայստերին:

Շախմատային միաժամանակյա խաղը առաջին անգամ էր անցկացվում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Թեմի երիտասարդները խոստացել են պարբերաբար կազմակերպել նման խաղեր ու ներգրավել այլ շախմատիստների եւս: Տ. Նավասարդ Սրբազանի առաջարկությամբ ամեն տարի Ս. Աբգար արքայի տոնի օրը կկազմակերպվի շախմատային նման խաղ: