Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Անկարայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների հետ կապված, որտեղ նշվել է, թե ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու անհրաժեշտություն չեն տեսնում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի պարզաբանող հայտարարությունները մամուլում տեղ գտած տեղեկության հետ կապված բավարար են համարում եւ նրան ԱԳՆ կանչելու անհրաժեշտություն չեն տեսնում։
Նշենք, որ Թուրքական Bugün, Yeni Şafak եւ Akşam պարբերականների դեկտեմբերի 21-ի գլխավոր էջի հրապարակումներն ուղղված են եղել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի դեմ։ Հիշյալ պարբերականների գլխավոր հրապարակումներում նշվել է, թե «մեծ կաշառք» գործողության առաջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հանդիպել է Թուրքիայում օտարերկրյա դեսպանների հետ։
Նշվել է, թե դեսպանների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետն ասել է. «Մենք պահանջեցինք, որ «Հալք» բանկը խզի կապերը Իրանի հետ, բայց չլսեցին (Ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին մեղադրվում է «Հալք» բանկի միջոցով Իրանի հետ միլիարդավոր դոլարների անօրինական գործարքներ իրականացնելու մեջ-խմբ)։ Հիմա դուք մի կայսրության փլուզման ականատեսն եք լինում»,-ըստ թուրքական Yeni Şafak-ի, ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն։
Սակայն ավելի ուշ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հերքել է այս տեղեկությունները՝ պնդելով, թե ոչ նման հանդիպում է եղել, ոչ էլ ինքը նման բան է ասել։





























