Ռուսաստանի ԱԴԾ-ի երկու գնդապետի մեղադրել են մերձմոսկովյան Ժուկովսկիի հայտնի գործարար-ավիակոնստրուկտոր Իդրիս Ֆայզուլինի սպանության մեջ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

Դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ԱԴԾ-ի կենտրոնական 20-րդ վարչության 2-րդ բաժանմունքի պետ, գնդապետ Իվան Ուգարովին եւ Մոսկվայի ու Մոսկվայի մարզի ԱԴԾՎ-ի 2-րդ բաժանմունքի պետի տեղակալ գնդապետ Անդրեյ Լելետկոյին: Ենթադրվում է, որ նրանք զբաղվել են մարդասպաններ վարձելով եւ գույքը յուրացնելու  խարդախ ծրագրեր կազմելով:

Գործարար Իդրիս Ֆայզուլինը սպանվել էր 2011թ. մարտի 11-ին, այնուհետեւ սպանվել էր նաեւ այդ սպանությունն իրագործողը:
Ֆայզուլինը Ժուկովսկիում գտնվող Գրոմովի անվան Թռիչքահետազոտական ինստիտուտի առաջատար ավիակոնստրուկտորներից էր, իսկ 1990-ականների վերջից զբաղվում էր բիզնեսով: Ըստ քննության վարկածի` ԱԴԾ-ի գնդապետները կազմակերպել էին գործարարի սպանությունը` Ժուկովսկիում վերջինիս պատկանող շենքին տիրանալու նպատակով, իսկ այնուհետեւ հրամայել էին վերացնել կատարողին` թմրամոլ Անդրեյ Օգորոդնիկովին: 

Ըստ քննության` 9 հազար դոլար ստացած Օգորոդնիկովը Ֆայզուլինին կրակել էր  մերձմոսկովյան Կրատովոյի իր առանձնատան մոտ` Maverick որսորդական հրացանից, որը նրան տվել էր Ուգարովը: Երբ իրավապահները դուրս էին եկել Օգորոդնիկովի հետքի վրա, գնդապետները նրան հարբեցրել էին, տարել Կալուգայի մարզի խոզաբուծարան, խեղդել եւ մարմինն այրել վառարանում:

ԱԴԾ-ի երկու գնդապետներն էլ արդեն ինն ամիս է մեկուսարանում են: