Հայաստանի գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարչի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊ ընկերության տնօրենի հետ, ձեւակերպել են կեղծ վարկեր: Մասնավորապես` մասնաճյուղի վարկառուների անվամբ՝ առանց նրանց իմացության, ձեւակերպել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման պատրվակով վարկ հատկացնելու վերաբերյալ 396 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 95 մլն 788 հազար դրամ եւ 27 հազար 616 դոլար: Նշված ժամանակահատվածում վերոհիշյալ գումարը մաս-մաս փոխանցել են կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող, նույն մասնաճյուղի հաճախորդ հանդիսացող Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊԸ-ի հաշվեհամարներին, կանխիկացրել եւ տնօրինել:
Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ, Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:




























