Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է բուլղարացի եվրապատգամավոր, Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբի անդամ Եվգենի Կիրիլովի՝ Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցը, հաղորդում է «Ֆոկուս» գործակալությունը:

Զեկույցը բավական համապարփակ է: Նրանում նշված է Հարավային Կովկասում Եվրամիության ռազմավարական ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը եւ կոչ է արվում մշակել տարածաշրջանի երկրների վերաբերյալ ԵՄ ընդհանուր ռազմավարություն:

Զեկույցում ներկայացվում են կառուցողական եւ նպատակային առաջարկներ, որոնք վերաբերում են Վրաստանում չկարգավորված եւ Լեռնային Ղարաբաղում «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում ԵՄ մասնակցությանը:

Համաձայն զեկուցողի՝ այդ հակամարտությունները գլխավոր խոչընդոտն են քաղաքական կայունության, սոցիալա-տնտեսական զարգացման եւ ներդրումային մթնոլորտի բարելավման ճանապարհին՝ հատկապես եվրոպական էներգետիկ անվտանգության համատեքստում:

Փաստաթղթում նշվում է նաեւ տարածաշրջանի կարեւորությունը Եվրամիության համար: