Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնելու առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, միջտարածաշրջանային կապերը, այն կօգնի երկուստեք ձեռնարկատերերին եւ կազմակերպություններին, զարգացնել գործարար կապերը եւ փոխշահավետ համագործակցությունը:
«Նախորդ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ դոլար, երկու կողմն էլ վստահ է, որ մեր երկրների համագործակցությունը կարող է ավելի ընդլայնվել»,- ասաց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը՝ ավելացնելով, որ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն է տալիս եւ հավասար պայմաններ է ստեղծում հայ գործարարներին ռուսական շուկայում ներկայանալու, ինչպես նաեւ ռուս գործարարներին` հայկական շուկայում ներկայանալու:
«Ռուսհամագործակցության» ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը ընդգծեց, որ համաձայնագիրը նախատեսում է շարունակել այն ավանդույթը, որ առկա է երկու պետությունների մշակութային, կրթական եւ գիտատեխնիկական բնագավառներում։
Համաձայնագրի արդյունքում նախատեսվում է համատեղ ձեռնարկությունների հիմնում, գործարար ցուցահանդեսների եւ համաժողովների կազմակերպում, ինչպես նաեւ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների մասնակցությունը ԱՊՀ երկրների Միջկառավարական նպատակային ինովացիոն համագործակցության ծրագրին՝ մինչեւ 2020 թվականը։




























