«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հարազատներին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ընդունել են ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության բաժնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Կարինե Ամոյանը: Նրա խոսքով, իրենց ցանկանում էին, որ դատախազի հետ հանդիպեին, բայց նրա տեղակալն է ընդունել իրեն: «Մենք դիմում գրեցինք, որ տղայիս քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն Սովետաշենի հոգեբուժարան»,- ասաց Կարինե Ամոյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ դատախազությունից փոխանցել են, որ դիմումին կպատասխանեն չորս օրվա ընթացքում: Ավելի վաղ Կարինե Ամոյանը նշել էր, որ եթե իրեն չընդունեն՝ ինքնասպան կլինի:
«Վերջնականապես ասելու եմ՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Եթե դատախազը չընդունեց, ուղիղ գնալու եմ կամրջից նետվեմ: Ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է անմեղ որդիս խելագարվում: Այսօր էլ պաշտպանն է գնացել մոտը, բայց չի ճանաչել ու չի խոսել հետը: Իմ որդուն հասցրեցին նրան, որ հիմա ոչ ինձ է ճանաչում, ոչ մյուս հարազատներին»,- ասել էր Կարինե Ամոյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել:





























