Նախատոնական օրերին «Աշտարակ-Կաթի» ոչ մի արտադրատեսակ չի թանկանա: Այս մասին այսօր, դեկտեմբերի 23-ին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ «Աշտարակ-Կաթ» ընկերություն այցելության ժամանակ հայտարարել է արտադրության ղեկավար Լեւոն Թոփչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցերին։
«Նախատոնական այս օրերին Աշտարակ-Կաթի ոչ մի արտադրատեսակ չի թանկանա, բայց կցանկանայի նշել որ ներկայումս ընկերությունն աշխատում է մոբիլիզացված ռեսուրսներով՝ կապված վերջին մի քանի տարիներին սկսված եւ ներկայումս շարունակվող հումքի գների կտրուկ թանկացման հետ»,-ասել է նա՝ ավելացնելով, որ այս օրերին փորձում են հումքի եւ էներգակիրների թանկացման հետեւանքները հաղթահարել սեփական ռեսուրսների միջոցով, գործընկերների աջակցությամբ եւ վարկային միջոցների հաշվին՝ առավելագույնս հաշվի առնելով սպառողի շահերը:
Թոփչյանը նշել է, որ սովորաբար, յուրաքանչյուր տարի, դեկտեմբերի 25-ից սկսած՝ կաթնամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկը կտրուկ աճում է: «Մենք արդեն ունենք բազմամյա փորձ եւ յուրաքանչյուր տարի Ամանորից առաջ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք բավարարել ողջ պահանջարկը կաթնամթերքի նկատմամբ: Ներկայումս ընկերության ողջ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մեր սպառողը դարակաշարերի վրա տեսնի միայն թարմ եւ որակյալ կաթնամթերք»,-ասել է արտադրության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է կաթնամթերքի շուկայի առաջատար «Աշտարակ-Կաթ» ընկերություն՝ տեղում ծանոթանալու նախատոնական օրերին կաթնամթերքի արտադրության ու իրացման գործընթացներին:
Նշենք, որ օրերս «Գելափ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից կատարված հարցումների արդյունքում «Աշտարակ-Կաթ» ընկերությունն արժանացել է «Լավագույն կաթնամթերք արտադրող» մրցանակին:





























