Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նախ տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում ստեղծվելու է թմրամոլության եւ թմրամիջոցների պայքարի կենտրոն: «Հայաստանի Հանրապետությունը կլինի առաջին երկիրը, որտեղ նման կենտրոն կստեղծվի եւ այդ կենտրոնը նաեւ կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, լաբորատորիաներով: Կենտրոնը կտեղակայվի ոստիկանության համակարգում»,- նշեց ԱԱԽ Քարտուղարը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` արդեն իսկ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք են բերված, կան ստորագրված փաստաթղթեր: «Ես կարծում եմ, որ սա մեր պետական մարմինների աշխատանքի համար շատ կարեւոր ենթակառուցվածք կլինի, քանզի հիմա քիմիական թմրամիջոցները շատացել են, իսկ Հայաստանը չունի որեւիցե լաբորատոր ժամանակակից սարքավորումներ դրանց դեմ պայքարելու համար: Կարծում եմ, որ այս ժամանակակից կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա թմրամոլության դեմ պայքարն ավելի էֆեկտիվ առաջ տանել»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Հանձնաժողովը նիստում քննարկեց եւ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծին», որը հաստատելու համար կներկայացվի Անվտանգության խորհրդի նիստին:

Այնուհետեւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի դիտարկման հանձնաժողովի անդամները զեկուցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության  եւ  գիտության  նախարարություններում  եւ ՀՀ ԿԱ ոստիկանությունում «2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի  Հանրապետությունում  թմրամոլության  եւ  թմրամիջոցների  ապօրինի  շրջանառության  դեմ  պայքարի  ազգային  ծրագրով»  նախատեսված  միջոցառումների  իրականացման  արդյունավետության  դիտարկման  մասին:

Դիտարկումների արդյունքները ներկայացվում են ՀՀ Նախագահին, որոնց հիման վրա Նախագահը ստորագրում է համապատասխան իրավական ակտեր: Դիտարկումների արդյունքում ի հայտ եկած աշխատանքային խնդիրները դառնում են հանձնաժողովի քննարկման եւ լուծման առարկա:

Նիստում նաեւ քննարկվել են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող մի շարք այլ հարցեր: