Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները պատրաստվում են դիմել ՍԴ եւ բողոքարկել դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստում տեղի ունեցած քվեարկությունը՝ կապված «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ համաձայնագրերի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր անդամ Արծվիկ Մինասյանը, ով նաեւ Հաշվիչ հանձնաժողովի անդամ է:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 23-ին ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը չի աշխատել, որովհետեւ նման խնդիր ԱԺ ղեկավարության կողմից չի առաջադրվել: «Ելնելով ԱԺ կանոնակարգով մեզ տրված հնարավորություններից` Հաշվիչ հանձնաժողովի չորս անդամներս` Լյուդմիլա Սարգսյան, Արծվիկ Մինասյան, Տիգրան Ուրիխանյան, Թեւան Պողոսյան, դիմում ենք հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին` տեղեկացնելով, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 15-ին, հրավիրում ենք հանձնաժողովի արտահերթ նիստ` քվեարկության հաշվարկման օրինականության հարցը եւ կազմակերպական հարցեր քննարկելու համար: Նիստը լինելու է դռնբաց»,- նշել է դաշնակցական պատգամավորը՝ հավելելով, որ եթե անգամ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը չժամանի այդ նիստին, իրենք 4-ով իրավասու են անցկացնել նիստը:
«Եթե իշխանական ներկայացուցիչը չուզենա ներկայանալ նիստին կամ չպաշտպանի մեծամասնության՝ մեր, տեսակետը, ինչո՞ւ ոչ, նաեւ պաշտոնանկությունը կպահանջենք»,- նշել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ դեպքում նիստը կվարի հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը:
Արծվիկ Մինասյանն նաեւ ընդգծել է, որ եթե Սահմանադրական դատարանը բավարարի իրենց դիմումը, ապա գազային համաձայնագրերի ընդունման գործընթացը պետք է նորից սկսվի, ու կրկին քննարկվի ԱԺ-ում:





























