Ոստիկանության աշխատակիցները տարհանել են Նյու Յորքի Լոնգ Այլենդի Roosevelt Field առեւտրի կենտրոնի գնորդներին եւ աշխատակիցներին:
Ոստիկանության տեղի բաժանմունք հաղորդագրություն էր ստացվել, որ առեւտրի կենտրոնի շենքում զինված տղամարդ կա, եւ կրակոցներ են հնչում:
Լոնգ Այլենդի առեւտրի կենտրոնում ենթադրյալ կրակոցների մասին լուրերը խուճապ են առաջացրել գնորդների շրջանում, նրանցից երեքը տուժել են՝ խանութից դուրս գալիս սկսված հրմշտոցի պատճառով:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ գնորդները կրակոց էին կարծել Macys խանութի պոկված ցուցափեղկի ձայնը: Ըստ ականատեսների՝ բարձր ձայնը խուճապ էր առաջացրել առեւտրի կենտրոնի այցելուների շրջանում, որոնք սուրբծննդյան գնումներ էին կատարում:
«Մարդիկ փախչում էին, այդ պատճառով էլ մենք մտածեցինք, թե ինչ-որ մեկի մոտ հրացան է եղել, սակայն մեզ ոչ ոք ոչինչ չասաց: Բոլորը խուճապի էին մատնվել», ասել է ականատեսներից մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:





























