Չորս խորհրդարանական խմբակցությունների` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու ու Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը հասարակությանը մոլորեցնելու փորձ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով` խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովը ժամանակավոր է ու կատարում է միայն տեխնիկական գործառույթներ, հակառակ դեպքում` ընդդիմադիր խմբակցությունները կմիավորվեին ու կտապալեին, օրինակ, ԱԺ խոսնակի ընտրությունները: «Դա տեխնիկական գործընթաց է ու եթե խոսքը գաղտնի գործընթացի մասին է, ապա դա բոլորովին այլ աշխատանքային ընթացակարգ է ենթադրում: Երբ խոսքը բաց քվեարկության մասին է, ապա հաշվել կարող է ոչ միայն հաշվիչ հանձնաժողովը, այլեւ ցանկացած պատգամավոր ու անգամ լրագրողները: Երբեք քվորում չլինելու խնդիր չի բարձրանում: Այդ ամենը հասարակության համար իմիտացիա է»,-ընդգծել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:
Սահակյանն ընդգծել է, որ այն 200-300 հոգին, որոնք հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ, չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում ու ցանկանում են, որպեսզի ընդդիմությունը բարձրաձայնի նրանց դժգոհությունը: «Ընդդիմության հիսթերիան կապված է նրա հետ, որ քվեարկության արդյունքները նրանց սրտով չեն»:





























