Լուգանսկում ոստիկանության աշխատակիցներն ազատել են ամսից ավելի մեկուսացված մնացած տղամարդուն: Ամբողջ այդ ընթացքում ՀՀ 29-ամյա քաղաքացին գտնվել է մասնավոր տան նկուղում, որտեղ նրան բռնությամբ պահել, ծեծել եւ ամեն կերպ չարչարել են: Ազատման դիմաց չարագործները 50.000 դոլար փրկագին են պահանջել, հայտնում է «Irtafax»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ Լուգանսկի մարզի վարչությանը:
Ոստիկանները տվյալ փաստի մասին իմացել են հենց պատանդից. Ոստիկանությունն ահազանգ է ստացել: Զանգահարողը շշուկով հայտնել է հասցեն եւ տեղեկացրել, որ իրեն բռնությամբ պահում են նշված հասցեի տան նկուղում: Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբն անհապաղ մեկնել է դեպքի վայր:
Իրավապահների ժամանման պահին տանտերը տանն է եղել, իրսկ նկուղում իրոք մարդ է եղել, որը մի քանի ժամ առաջ հրաշքով իմացել էր իր գտնվելու վայրի հասցեն եւ, օգտվելով հարմար պահից (նրան հեռախոս են տվել փրկագնի հարցով հորը զանգահարելու համար), զանգահարել էր ոստիկանություն:
Պատանդը բոլորովին վերջերս էր ազատվել ՌԴ բանտից, որտեղ կրում էր իր պատիժը՝ իրեն առեւանգողներից մեկի հետ: Ազատության մեջ հայտնվելով՝ նա հյուր էր եկել նախկին բանտակցին: Հենց այդ ժամանակ էլ նրան առեւանգել էին, ինչից հետո անօրինաբար Ռուսաստանից Լուգանսկ էին տեղափոխել:
Այդ ամբողջ ժամանակահատվածում նրան գազանաբար խոշտանգել էին, ծեծել եւ գրեթե չէին կերակրել: Չարագործները պարտադրել էին պատանդին զանգահարել Հայաստանի իր հարազատներին, որպեսզի վերջիններս իրենց հաշվին փող փոխանցեին: Պատանդի ազատվելու պահին վերջինիս հայրը հասցրել էր առեւանգողներին Western Union-ով 16 հազար դոլար ուղարկել:
Գործի փաստով քրեական վարույթներ են սկսվել Ուկրաինայի ՔՕ հետեւյալ հոդվածներով՝ 189 (շորթում) եւ 146 (ապօրինի ազատազրկում կամ անձի առեւանգում): Կատարվում է նախաքննություն: Առեւանգողներից մեկը ձերբակալված է եւ գտնվում է կալանքի տակ: Ներկայումս կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ուղղված են քրեական հանցագործության մյուս երկու մասնակիցներին ձերբակալմանը:
































