Հունաստանի ԱԳՆ-ն իմաստ չի տեսնում բանավեճ սկսել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ, քանի դեռ Անկարան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը:

Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ կապված Եվրահանձնաժողովի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման հետ: Այդ ժամանակ թուրք նախարարը հայտարարել էր, որ չի ճանաչում Կիպրոսի գոյությունը:

«ԵՄ-ն, որին ցանկանում է ինտերգրվել Թուրքիան, մի քանի օր առաջ ռեադմիսիայի մասին համաձայնագիր է ստորագրել, որը բաղկացած է 28 իրավահավասար երկրներից, այդ թվում Կիպրոսի Հանրապետությունից, որը եվրոյի գոտու կազմում է»,-ասված է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Եթե Թուրքիան չի հասկանում եւ չի ընդունում այդ պարզ եւ հիմնարար փաստերը, ապա դրա եվրոպական հեռանկարի վերաբերյալ կոնկրետ երկխոսությունը պրակտիկ իմաստ չունի»,-հայտարարել է Կուտրասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդգծենք, որ 2014-ի հունվարի 1-ից ԵՄ-ում նախագահելու է Հունաստանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ չէ, որ  Կիպրոսի վերաբերյալ պրովոկացիոն հայտարարություններով է հանդես գալիս: Նոյեմբերի սկզբին նա հայտարարել էր, որ «չկա այնպիսի պետություն, որը կոչվում է Կիպրոս», կա միայն «հույ-կիպրոսյան վարչակազմ», որը ԵՄ-ում ընդունվել է «քաղաքական պատճառներով»:

Անկարայի նման դիրքորոշումը 1974թ Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիայի արդյունք է: Կղզու այդ հատվածում Թուրքիան հռչակել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: