Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը ամփոփել է տարվա արդյունքները երկու երկրների համար: Պատմելով միջպետական համագործակցության մասին՝ դիվանագետը, մասնավորապես, նշել է ռազմավարական կարեւոր հարցերում համագործակցության անընդհատականությունը:

Իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ Մաքֆոլը «Կոմերսանտի» թղթակցի հետ զրույցում ընդգծել է  ՄԱԿ-ի ԱԽ 1929 բանաձեւի եւ ԱՄՆ-ի կողմից ընդունված միակողմանի պատժամիջոցների նշանակությունը:

«Մեր կարծիքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի 1929 բանաձեւը հիմնարար էր: Հենց դա էր ստեղծել Իրանի իշխանությունների նկատմամբ այն ճնշումը, որը թույլ տվեց հասնել վերջին շրջադարձին (Ժնեւի նոյեմբերյան պայմանավորվածությունները՝ «Կոմերսանտ»): Թեեւ դա ժամանակավոր համաձայնագիր է, սակայն այն մեծ նշանակություն ունի: Այսինքն, այո, մենք տարաձայնություններ ունեինք ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ, սակայն, չնայած բոլոր հակասություններին, համագործակցությունը շարունակվում էր: Ավելին, ռուս-ամերիկյան համագործակցությունը շատ կարեւոր էր Իրանի հարցի շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններին հասնելու համար», ասել է դեսպանը:

Մաքֆոլը նաեւ անդրադարձել է Սիրիայի քիմիական զենքի հարցին՝ ընդգծելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը:

«Չպետք է մոռանալ Սիրիայի հարցով բարդ պայմանավորվածությունները, որոնք այժմ իրականացվում են:  Քիմիական զենքի ոչնչացումն այժմ տեղի է ունենում ողջ թափով: Պայմանավորվածությունների մշակմանը մասնակցում էին նաեւ այլ խաղացողներ, սակայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը առանցքաին էր: Դա շատ դրական պահ է. մենք կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունների իրագործումը Մերձավոր Արեւելքն ավելի անվտանգ կդարձնի, իսկ նրա հետ՝ նաեւ ամբողջ աշխարհը»,- ասել է ԱՄՆ-ի դեսպանը: