Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանու հաստատմանն է ներկայացվել Երեւան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձեւավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու հստակությունը։ Քաղաքապետի տեղակալը նաեւ նշել է, որ նախագիծը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում քննարկվել եւ արժանացել է Երեւանի քաղաքապետին կից, Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հավանությանը, ինչպես նաեւ կազմակերպվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ: Երեւանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ եւ 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երեւան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի կանխատեսվում է. եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ։
Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաեւ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգիներից մեկը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով անվանակոչելու, «Յու.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին որոշումների նախագծերին:
Երեւանի ավագանու որոշմամբ 14 իրավաբանական անձանց թույլատրվել է Երեւան քաղաքի սահմանված տարածքներում կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղիներ: Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից վճար գանձելու:
Երեւանի ավագանու հավանությանն են արժանացել նաեւ օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:
Ընդմիջումից հետո Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2014թ. փետրվարի 11-ին:





























