Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը, որտեղ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի փորձագիտական զեկույցը:
Նա նշել է, որ փաստաթղթում անդրադարձ է արվում հիմնադրամի գործունեության ուղղություններին, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Այս համատեքստում քննարկվել է բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման գործընթացի կազմակերպման հարցը։ Ռուբեն Թոփչյանը զեկուցել է բուհերում իրականացված փորձնական հավատարմագրման գործընթացի արդյունքների մասին եւ տեղեկացրել, որ փորձագիտական խորհրդատվության հիման վրա բուհերը պետք է ներկայացնեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը:
Ի թիվս այլ հարցերի, նիստում արծարծվել է նաեւ հիմնադրամի գործունեության աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը, հաստատվել են հիմնադրամի 2014 թվականի բյուջեն եւ հաստիքացուցակը:





























