Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողով է կազմակերպվել ԱՄՆ-ի Քլարքի համալսարանում: կազմակերպիչները ենթադրում են, որ այդ միջոցառումը, ինչպես նաեւ դրան հաջորդող խորհրդաժողովը, որը ապրիլին անցկացվելու է Թուրքիայում, կազդի Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային երկխոսության շարունակման վրա: Խորհրդաժողովի կազմակերպիչ Թաներ Աքչամը, ով առաջին թուրք գիտնականներից է, ով ընդունել է ցեղասպանությունը, կարծում է, որ գիտնականները կարող են ազդել քաղաքական իրադարձությունների վրա: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ խորհրդաժողովը կենտրոնացել է հետազոտությունների վրա, ոչ թե` քաղաքականության:

Խորհրդաժողովին մասնակցել են գիտնականներ ԱՄՆ-ից, Հայաստանից, Թուրքիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իռլանդիայից ու Մեծ Բրիտանիայից: Թաներ Աքչամը նշում է, որ հրավիրվածներից ոչ-ոք կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը, թեեւ այլ տեսակետ ունեցող գիտնականները նույնպես կարող են մասնակցել բանավեճերին:

«Չկա ոչ մի լուրջ գիտնական, որը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության փաստը»,- ասել է Աքչամն ու հավելել. "Առանձին գիտնականներ ժխտում են նաեւ Հլոքոստը: Ոչ մի տարբերություն չկա այդ երկու իրադարձությունների միջեւ: Տարբերությունը միայն այն է, որ Հայոց ցեղասպանության դեպքում, մենք գործ ունենք ուժեղ պետության` Թուրքիայի հետ, որը ժխտում է, որ նման հանցագործություն է կատարել: ԱՄՆ-ը, որը հավատում է, թե Ցեղասպանությունն իրոք եղել է, ստիպված է զիջել Թուրքիային այդ հարցում,- նշել է Աքչամը՝ հավելելով, որ գիտնականներին չի հետաքրքրում, թե ինչ է կարծում Թուրքիան, եւ նրանք պատրաստվում են քննարկել այդ թեմայի վերաբերյալ վերջին գիտական հետազոտությունները: