Բրազիլիայի հարավ-արեւելքում, նախորդ շաբաթ հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 40-ի:
Իշխանությունների գնահատականներով՝ առավել ծանր է վիճակը Մինաս Ժիրայս եւ Էսպիրիտու Սանտ նահանգներում, որտեղ մոտ 50 հազար մարդ մնացել են անտուն: Նրանց տեղավորել են ժամանակավոր վրաններում, իսկ ոմանք մնում են հարազատների տանը:
Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը մեկնել է տուժած շրջաններ եւ խոստացել միլիոնավոր դոլարներ հատկացնել՝ աղետի հետեւանքները վերացնելու համար:
Միաժամանակ, առաջիկա օրերին երկրի հարավ-արեւելքում անձրեւները չեն դադարելու եւ կարող են հանգեցնել սողանքների: Փրկարարները տեղի բնակիչներին խորհուրդ են տալիս զգույշ լինել եւ հնարավորության դեպքում անվտանգ վայրեր բարձրանալ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բրազիլական լրատվամիջոցները:





























