Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ներել իրեն հրաժարականի կոչ արած Բնապահպանության արդեն նախկին նախարար Էրդողան Բայրաքթարին եւ կառավարության պաշտոնաթերթում նրա հրաժարականի փոխարեն ներկայացվել է, որ նրան հեռացրել են պաշտոնից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 26-ին կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete) նշվել է, թե 2 նախարար են հրաժարական ներկայացրել, իսկ Բնապահպանության նախարարը հեռացվել է աշխատանքից։

Այս հանգամանքը թուրքական մամուլում որակում են Էրդողանի կողմից Բնապահպանության նախարարի համարձակ խոսքերին պատասխան։

Նշենք, որ Թուրքիայի բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը հրաժարականի մասին հայտնելուց հետո նշել է, թե չի ընդունում այն, ինչը տեղի է ունեցել իր հետ։ Նա պատմել է, որ «մեծ կաշառք» գործողությունների համատեքստում կուսակցությունից իրեն 2 տեքստ են ներկայացրել, որոնցից մեկում ներկայացված է եղել իր հրաժարականի տեքստը, մյուսում դրա դեկլարացիան։ «Իհարկե, ես կուզեմ, որ իմ կուսակիցները հանգիստ լինեն, սակայն նման բաները ճիշտ չեն, քանի որ հետաքննության դոսյեում առկա եւ հետագայում ավելացված ծրագրերում եղել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությունը եւ նրա հրահանգով են արվել դրանք։ Այդ իսկ պատճառով ես անհրաժեշտ եմ համարում, որ պարոն վարչապետն էլ հրաժարական ներկայացնի»,-ասել է Էրդողան Բայրաքթարը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը եւ Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հրաժարական են ներկայացրել՝ հայտնելով, թե դա արել են սկսված կեղտոտ խաղերի դեմ առնելու եւ սկսված հետաքննության անաչառ անցկացման համար։