Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մեծ կաշառք» գործով ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբին բարեգործ է անվանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է նաեւ Ռեզա Զարրաբի հետ կապված հարցին։

«Գիտեմ, որ ոսկու արտահանմամբ է զբաղվում։ Գիտեմ, որ երկրին օգուտներ է տվել, բարեգործության մեջ է մտել»,-ասել է Էրդողանը։ Երբ նրան ասել են, թե նա կաշառք է տվել եւ կա դրա տեսագրությունը, թե ինչպես է նա պայուսակով մտնում ԵՄ հարցերով նախարարի աշխատասենյակ եւ առանց պայուսակի դուրս գալիս, Էրդողանը պատասխանել է. «Ինչի եք մտածում, որ նա պայուսակով փող է տարել։ Գուցե պայուսակով գիրք է տարել»։

Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռեզա Զարրաբը մեղադրվում է խոշոր չափի մաքսանենգությունների եւ խոշոր չափերի կաշառքներ տալու մեջ։ Նշվում է, թե միայն գումարների փոխանցման համար մի քաղաքական գործչի վճարել է 103 մլն լիրա կաշառք, իսկ բանկի գլխավոր կառավարչին՝ 16 մլն։