Մինչեւ 2018թ. արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում 101 մլն դոլարի ներդրում կկատարի, կառավարության դեկտեմբերի 26-ի նիստում հայտարարել է Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը՝ ներկայացնելով օդանավակայանի 2013-2017թթ. զարգացման Մաստեր պլանը:
«Զվարթնոցի» կոնցեսիոները 2001թ.-ից 30 տարի ժամկետով «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության դուստր ձեռնարկությունն է՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Մասնավորապես, նստեցման հատվածի համար կհատկացվի 45 մլն դոլար: Նոր համալիրը կկառուցվի գործող օդանավակայանի արեւմտյան կողմում: Այն թույլ կտա միաժամանակ անցկացնել մի քանի օդանավերի վայրէջքն ու թռիչքը (մինչեւ 10 չվերթ), ինչպես նաեւ կընդլայնի նստեցման ելքերը:
Օդանավակայանի թողունակությունը կհասնի տարեկան 4 մլն ուղեւորի:
Հաջորդ Մաստեր պլանի ընդունման ժամանակ 2018– 2022թթ. ընդլայնումը նախատեսվում է շարունակել:
Եվս 5,4 միլիոն դոլար նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու (ԶԱՏԳ) սառնարանային համալիրի զարգացման համար: ԶԱՏԳ-ը, որը մասնագիտացած է թարմ եւ թարմ սառեցված մրգերի եւ բանջարեղենի (նաեւ՝ ծաղիկների, ձկան եւ այլն) արտահանման գծով, ղեկավարվում է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության դուստր ձեռնարկության կողմից:
Նախագիծը ներառում է երեք խոշոր սառնարաններ՝ 440 տոննանոց, 100 տոննանոց երկու սառցախցիկներ, «Կալիֆորնիական թունել» արագ սառեցման համակարգ՝ 12 տոննա տարողունակությամբ, ինչպես նաեւ օժանդակ ենթակառույց: Լոգիստիկ եւ այլ ենթակառույց ների համար կուղղվի 15 մլն դոլար:
VIP սպասասրահը, որն արդեն կահավորված է, բայց ծրագրին միացվել է հետին թվով (ինչպես որ սառնարանային համալիրը), շարունակում է գործել: Դրա շինարարության համար ներդրվել է մոտ 4,5 մլն դոլար:
Նախատեսվում է կառուցել նաեւ պետական մարմինների համար նախատեսված շենք
(մաքսային, սահմանապահ ծառայությունների, ոստիկանության, անձնագրերի եւ վիզաների վարչության, պետական բնապահպանության ու սանիտարահիգիենիկ ծառայությունների):
Շենքը նախատեսվում է կառուցել 2015 – 16թթ.՝ 6 մլն դոլարի ներդրումով:
2014թ. նախատեսվում է շահագործման հանձնել օդանավակայանի տարածքում գտնվող շենքերում եւ հանրակացարաններում բնակվող բնակիչների համար կառուցվող բնակելի շենքը: 176 ընտանիքների համար նախատեսված շենքի կառուցումն ավարտելու համար կհատկացվի 12 մլն դոլար:
Մաստեր պլանում «Զվարթնոցի» հին շենքի (կլոր շենքի) պահպանման կամ վերակառուցման ծախսեր նշված չեն:
Դրա համար, ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի, անհրաժեշտ է «15 – 20 մլն դոլար: Բայց նաեւ նշված չեն հնարավոր քանդման ծախսերը, ինչը ցանկանում է անել ընկերությունը: Այս հարցը նիստից հետո Քաղավիացիայի վարչության պետից ճշտել չհաջողվեց:
Նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կարող է ճարտարապետական պարկ հայտնվել, որը կարող է հին սպասասրահի պահպանման միջոց դառնալ: Պաշտոնյաներին հանձնարարվել է բանակցություններ վարել:





























