Այսօր՝ ապրիլի 10-ին, հինգ ամիս տեւած վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում տեղի ունեցավ Արմավիրի Մայր ջրանցքի բացման հանդիսավոր արարողությունը։

Ջրանցքի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Տարածքային կառավարման նախարար,փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձիք։

Ինչպես լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման համակարգերի ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը, Արմավիրի մարզի Մայր ջրանցքն ամբողջությամբ վերանորոգվել է Համաշխարհային բանկի կողմից հատկացված վարկային միջոցներով. «Համաշխարհային բանկը, ընդառաջ գնալով ՀՀ կառավարության խնդրանքին, համաձայնեց ֆինանսավորել Արմավիրի եւ Թալինի ջրանցքները վերանորոգելու ծրագիրը»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ ջրանցքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009 թ. նոյեմբեր ամսին եւ տեւել շուրջ հինգ ամիս. «Ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր ավարտել երկու տարում. շինարարական աշխատանքները սկսվեցին ձմռան ամիսներին՝ ոռոգման սեզոնի ավարտից հետո։ Շինարարների լավ աշխատանքի շնորհիվ նախատեսված երկու սեզոնի փոխարեն 14 կմ ընդհանուր երկարությամբ Մայր ջրանցքի շինարարությունը կարողացանք ավարտել նախատեսվածից շուտ»,- ընդգծեց Ադիբեկ Ղազարյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ 36 մլն դոլար է ծախսվել, որից 30 միլիոնը՝ Համաշխարհային բանկի՝ Հայաստանին տրամադրած վարկայի միջոցների տեսքով. «Միայն շինարարության համար ծախսվել է 31 մլն դոլար»,- շեշտեց նա՝ տեղեկացնելով, որ Մայր ջրանցքով ոռոգման ջուրը հոսում է 20-30 խ/մ վրկ արագությամբ՝ հնարավորություն տալով ոռոգման ջրի մեծ հոսքով ապահովել 20 հազար հա ընդհանուր տարածքով 48 գյուղական համայնքների։

Ինչպես իր հերթին ավելացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Արմավիրի մարզի Մայր ջրանցքի շինարարական աշխատանքների ավարտով սկիզբ է դրվում ոռոգման նոր սեզոնին. «Սա նշանակում է առնվազն 20 հազար հա կայուն, երաշխավորված ջրամատակարարման իրականացում, ինչն էլ նշանակում է, որ ջրօգտագործողները մեզանից գոհ են լինելու»,- նկատեց նա։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը ջրանցքով հոսող Արաքսի ջուրը կիսում Թուրքիայի հետ, Անդրանիկ Անդրեասյանը նշեց. «Թուրքական կողմի հետ պայմանավորվել ենք, որ Արաքս գետի ջրի կեսը հայերինն է, կեսը իրենցը»,- տեղեկացրեց նա՝ ավելացելով, որ մինչեւ 2004թ., ելնելով տեխնիկական ինչ-ինչ պատճառներից, հայկական կողմը չի կարողացել տնօրինել իրեն հասանելիք ջրի ողջ պաշարները, սակայն այժմ Հայաստանը լիովին կարող է օգտվել իրեն հասանելիք ջրի պաշարներից։