«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 8-րդ համագումարում, որն իր աշխատանքներն սկսել է այսօր` կառավարության նիստերի դահլիճում, ելույթ է ունեցել կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Նախքան ելույթն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են են ինչպես մարտի 1-ի զոհերի, այնպես էլ այսօր ավիավթարից զոհված Լեհաստանի նախագահի ու նրա տիկնոջ հիշատակը:

Պետրոս Մակեյանն իր խոսքում անդրադարձել է իրենց կուսակցության 12-ամյա գործունեությանը՝ հիշելով, որ իրենց կուսակցությունը «Իմպիչմենտ» դաշինքի կազմում մասնակցել է 2007-ի խորհրդարանական ընտրություններին: Նրա ներկայացմամբ, այսօր էլ արդիական է «Իմպիչմենտ»-ի նախընտրական կարգախոսը. «Ո՛չ սերժանտացմանը, ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը»: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը անդրադարձ է կատարել նաեւ 2008-ի նախընտրական ու հետընտրական ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, որ իրենց 14 ընկերներ դեռեւս գտնվում են բանտերում, եւ որոնց ազատության համար պայքարում է ողջ ժողովուրդը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն, ըստ Մակեյանի, Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, որը հնարավորություն կտա ժողովրդին՝ իրեն երկրի տեր զգալ:

Հիշեցնենք, որ համագումարին մասնակցում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու ՀԱԿ-ի անդամ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները: