Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան, ուր այցելուները մինչեւ ապրիլի 14-ը կարող են թողնել իրենց ցավակցական գրառումները: Հիշեցնենք, որ, ապրիլի 15-ին` ժամը 17-ին Քանաքեռի կաթոլիկ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան պատարագ` վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռի զոհերի հիշատակին: Իսկ այսօր` ապրիլի 12-ին սուգ է հայտարարված ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Լիտվիայում, Վրաստանում: Լեհաստանում հայտարարված է յոթօրյա սուգ:
Վթարի կապակցությամբ երեկ` ապրիլի 11-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները ծաղիկներ են դրել դեսպանատան մոտ` հարգանքի տուրք մատուցելով ավիավթարի զոհերի հիշատակին: Դեսպանատունն, ի նշան սգո, խոնարհել է երկրի դրոշը: Շենքի մուտքի մոտ փակցված են բոլոր զոհերի անունները, նախագահ Լեխ Կաչինսկու եւ իր տիկնոջ լուսանկարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահի ինքնաթիռը աղետի էր ենթարկվել Սմոլենսկ քաղաքի մոտ: Ինքնաթիռում է եղել Լեհաստանի գրեթե ողջ էլիտան` քաղաքական, տնտեսական, ռազմական, ութ տասնյակ գործիչներ: Բոլորը զոհվել են: Ներկայումս Լեհաստանի նախագահի պարտականությունները կատարում է լեհական Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին: Լեհ Կաչինկու հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` ապրիլի 13-ին:




























