Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 11-ին այցելել են հանրապետության Մարտակերտի շրջանի մի շարք հիդրոէլեկտրակայաններ:
Նրանք մասնակցել են Վերին Հոռաթաղի ջրատարի եւ Թրղե-1 ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողություններին, այնուհետեւ այցելել Թրղե-2 ՀԷԿ-ի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի նախագահը կարեւորել է ոռոգման ցանցի եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն հանրապետության ամբողջ տարածքում:
Միջոցառումներին մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:



























