Սմոլենսկի մոտակայքում ավիավթարի արդյունքում զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յացեկ Սասինը։
«Լեխ Կաչինսկու մարմնով դագաղը, հրաժեշտի արարողության համար, երեքշաբթի կտեղադրվի նախագահական նստավայրում»,- հայտարարել է Սասինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, երեքշաբթի Լեհաստանի նախագահի նստավայրը կպատրաստվի սգո արարողության համար։ Այդ օրը, ինչպես հստակեցրել է Սասինը, հուղարկավորության արարողության մանրամասները քննարկելու համար տեղի կունենա նախագահի եւ վարչապետի աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը Ռուսաստանում՝ Սմոլենսկի մոտակայքում, վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ին։ Ավիավթարի արդյունքում զոհվել էին Լեհաստանի նախագահը, նրա կինը, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։ Ճշտված տեղեկությունների համաձայն՝ վթարի արդյունքում զոհվել է 96 մարդ։ Նախագահի մարմինը Վարշավա է տեղափոխվել ապրիլի 11-ին։




























