Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր նախկին զինծառայող Էդվարդ Հախվերդյանը:

Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Երեւան քաղաքի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության` կատարվել է սրտամկանի ստենդավորում: Վիրահատությունն արժեցել է 1.860.000 ՀՀ դրամ:

Է. Հախվերդյանը հիվանդանոցից դուրս է գրվել առանց վիրահատման գումարը վճարելու, քանի որ նա զինծառայողի ընտանիքի անդամ է եւ զինված ուժերի թոշակառու: Այս հանգամանքների առկայության դեպքում պետությունն է վճարում բուժ. հաստատության բոլոր ծախսերը:

2012 թ. հունիսի 13-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան ՊՈԱԿ-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացնում 1.860.000 դրամ գումարի փոխհատուցման պահանջով, քանի որ պետությունը սահմանված ժամանակահատվածում չի փոխհատուցել զինծառայողի կենսաթոշակ ստացող անձի բուժման ծախսերը:

2012 թ. հունիսի 20-ին դատարանը հայցն ընդունում է վարույթ եւ արգելանքի վերցնում Է. Հախվերդյանին պատկանող սեփականությունն ու դրամական միջոցները:

Բացի այն, որ Է. Հախվերդյանը վիրահատությունից հետո բազմաթիվ անգամներ բանավոր դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն` փոխհատուցում ստանալու խնդրանքով, նա 2012 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին գրավոր դիմում է ուղարկել` խնդրանքով փոխհատուցել վիրահատության ծախսերը:

Դիմումին ի պատասխան ՀՀ ՊՆ նախարարը պատասխանել է, որ համաձայն գործող իրավական ակտերի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը որեւէ լիազորություն չունի` այսպիսով մերժելով նախկին զինծառայողի դիմումը:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն` ապահովելու որակյալ, անվճար բժշկական օգնություն, ընդ որում օրենքը որեւէ կերպ չի առանձնացնում հիվանդանոցային սպասարկման որեւէ տեսակ, որի համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում:

Այսպիսով, ՀՀ ՊՆ նախարարը 2010 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված հրամանն ավելի վեր դասելով ՀՀ օրենքից` Է. Հախվերդյանի վիրահատության գումարը փոխհատուցելու խնդրանքով դիմումը մերժել է:

Միայն վերը շարադրվածը բավարար է հիմնավորելու համար, որ ՀՀ ՊՆ պարտավոր էր կատարել վիրահատության ծախսերի փոխհատուցում: Միեւնույն ժամանակ նշենք, որ նմանատիպ խնդրով 2008 թ. հուլիսի 8-ին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետին դիմած Հովհաննես Կաթրջյանի բուժծառայությունների արժեքը` 1.900.000 ՀՀ դրամ, փախհատուցվել է:

Սա հիմք է տալիս եզրակացնել, որ ՀՀ ՊՆ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում նույն խնդրով դիմած անձանց հանդեպ:

Այս հանգամանքները հաշվի առնելով Էդվարդ Հախվերդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրանքով ` վերացնել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գ. Թեփելյանի մերժումը եւ փոխհատուցել Է. Հախվերդյանի վիրահատության համար Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ի կատարած ծախսերը:

Հարկ է նշել, որ այս դիմումը ՀՀ ՊՆ է ուղարկվել մեկ ամիս առաջ եւ դեռեւս պատասխան չի ստացվել»: